
Լանջիկի հարսներ
«Լանջիկի հարսներ» նախաձեռնությունը միավորում է Շիրակի մարզի Լանջիկ համայնքի կանանց՝ ստեղծելու համար կրթական և արտադրական կենտրոն, որն ունի երկու հիմնական ուղղություն՝ մասնագիտական ուսուցում և տեքստիլ արտադրություն։
Ծրագիրն ուղղված է համայնքում կանանց զբաղվածության բարձրացմանը, եկամտի աղբյուրների ստեղծմանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Նախաձեռնության շրջանակում ստեղծվելու է ուսումնական կենտրոն՝ վերապատրաստումների, բաց դասերի ու վարպետության դասերի միջոցով մասնակիցների հմտությունները զարգացնելու և տեղական շուկայում պահանջարկ ունեցող տեքստիլ արտադրանք ստեղծելու նպատակով։
Արտադրանքի տեսականին ներառում է՝
• անկողնային պարագաներ
• գործվածքային հագուստ
• տնային տեքստիլ
• երեկոյան զգեստներ
• կանացի ներքնազգեստ
• մանկական հավաքածուներ
Արտադրամասին կից գործելու է նաև կարի դպրոց, որտեղ փորձառու տատիկները ձեռագործ աշխատանքների միջոցով փոխանցելու են իրենց գիտելիքը նոր սերնդին։ Մեր նպատակն է դառնալ մրցունակ, համայնքին բնորոշ բրենդով հանդես եկող ընկերություն՝ խթանելով նաև կանանց ֆինանսական անկախությունն ու համայնքի ընդհանուր զարգացումը։
Շատակեր Շարա
«Շատակեր Շարա» ձեռնարկությունը հիմնվել է Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում՝ սիրով, պատասխանատվությամբ և համայնքի զարգացման տեսլականով։ Բրենդի հիմքում ընկած են ավանդական համերը, տեղական հումքը և ձեռագործ արտադրության բարձր որակը։
Արտադրամասը ստեղծում է ոչ միայն համեղ, այլև խնամքով մտածված հրուշակեղեն, որտեղ յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր պատմությունն ու արժեքը։ Արտադրատեսականին ընդգրկում է․
• ավանդական գաթաներ, բաղարջ, մեղրով թխվածքներ
• թխվածքաբլիթներ և թխվածքների բազմազան տեսականի
• սերուցքային տորթեր և բենտո տորթեր
• դիետիկ, վեգան և առանց շաքարի արտադրանք
• մանկական թխվածքներ՝ առանց հավելումների
• անհատական պատվերով մուլյաժ տորթեր և տոնական ձևավորումներ
• ֆուրշետ ծառայություններ
Բացի արտադրական գործունեությունից, «Շատակեր Շարա»-ն իրականացնում է նաև կրթական նախաձեռնություն՝ հիմնելով հրուշակագործության ուսումնական կենտրոն։ Այն կծառայի որպես մասնագիտական կրթության հարթակ՝ հատկապես կանանց և աղջիկների համար։
Նախաձեռնության նպատակներն են՝
✔️ բարձրացնել համայնքի կանանց և երիտասարդների զբաղվածությունը
✔️ փոխանցել գործնական հմտություններ և արդի տեխնոլոգիաներ
✔️ նպաստել համայնքի տնտեսական կայունությանը և սոցիալական հզորացմանը
Ներկայումս «Շատակեր Շարա»-ն համագործակցում է Շիրակի մարզի ավելի քան 90 վաճառակետի հետ և նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը նաև հարակից մարզերում։
«Շատակեր Շարա»-ն բիզնես է, որն ունի ոչ միայն շուկայական, այլև համայնքային պատասխանատվություն։ Այն ձևավորում է արժեք, որտեղ համադրվում են որակը, կրթությունը և զարգացող համայնքը։


Գունավորենք համայնքը
«Գունավորենք համայնքը» ծրագիրը նպատակ ունի վերակենդանացնել Շիրակի մարզի Նոր Կյանք, Պեմզաշեն, Սառնաղբյուր և Լանջիկ համայնքների միջավայրը՝ գրաֆիտիների, թափոններից ստեղծվող այգիների և արտադասարանային էկո-խմբակների միջոցով։
Ծրագրի հիմնական գործողություններն են՝
🎨 համայնքների պատերին մշակութային գրաֆիտիների ստեղծում
🌿 թափոնների երկրորդային օգտագործմամբ՝ էկո այգիների ձևավորում
👩🎨 գեղարվեստական խմբակների բացում՝ դպրոցահասակ երեխաների համար
📸 ցուցահանդեսներ՝ սաների ստեղծած աշխատանքներով
Ծրագրի շնորհիվ ձևավորվում է նոր համայնքային ինքնություն, բարձրանում է տարածքի տեսողական արժեքը, և միևնույն ժամանակ ձևավորվում է էկոլոգիական մտածողություն՝ ապագա սերունդների համար։
Նպատակը պարզ է. գույն ավելացնել գյուղական առօրյային և խթանել սոցիալական ներգրավվածությունը։