Խելացի կամ Smart դասասենյակ Ձիթհանքովի միջնակարգ դպրոցում։ Սա բառախաղ չէ՝ իրական է ու շոշափելի։ Ժամանակակից տեխնոլոգիաների համադրությամբ դպրոցում ստեղծվել է նոր ուսումնական տարածք, որտեղ անգամ գրատախտակն է «խելացի»։
«Ի սկզբանե նպատակ ունեինք դասապրոցեսն էլ ավելի հետաքրքրաշարժ դարձնել։ Երեխաները դասերի ավարտից հետո միանգամից տուն էին գնում,- պատում է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հայարփի Բաբայանը.-ցանկանում էինք այնպիսի միջավայր ստեղծել, որ երեխաները դասերից հետո ավելի երկար մնան ու իրենց ժամանակը դպրոցում անցկացնեն»։
Շիրակի մարզում գործող «Արագած հովիտ» տեղական ակտիվ խմբի շնորհիվ ստացած դրամաշնորհի աջակցությամբ նորոգվել և ժամանակակից ոճով կահավորվել է Ձիթհանքովի միջնակարգ դպրոցի ընթերցասրահը, ձեռք է բերվել smart գրատախտակ, համակարգչային տեխնիկա ու մասնագիտական գրքեր։
Դպրոցում ուսուցիչները վստահ են, որ էլեկտրոնային կամ smart գրատախտակի կիրառմամբ բնագիտական առարկաների ուսուցանումն աշակերտների համար ավելի հետաքրքիր կդառնա։ Վիզուալ պատկերների և տեսանյութերի օգնությամբ աշակերտներն ավելի հեշտ կյուրացնեն թեման։ Smart գրատախտակով կարող են նաև տարբեր բնագիտական փորձեր իրականացնել։
«Քանի որ դպրոցի լաբորատորիաները կահավորված չեն, նախընտրեցինք այդ խնդիրը լուծել ժամանակակից մոտեցմամբ՝ էլեկտրոնային տարբերակով,-նշում է Ձիթհանքով միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Բալաբեկյանն ու հավելում.-երեխաները շատ ոգևորված սպասում են, թե երբ է շինարարությունն ավարտվելու։ Հատկապես բարձր դասարանների աշակերտներն են անհամբեր. անընդհատ հարցնում են, թե երբ է պատրաստ լինելու սմարթ դասասենյակը, որ մինչև դպրոցն ավարտելը իրենք էլ հասցնեն այդ դասասենյակում դասեր անել»։
Բազմաֆունկցիոնալ դասասենյակում ստեղծված հարմարությունները ոչ միայն կբավարարեն ֆորմալ դասապրոցեսների արդյունավետ անցկացմանը, այլև կստեղծեն արտադասարանային ժամանցի կազմակերպման պայմաններ՝ դարձնելով դպրոցը համայնքային կենտրոն։ Smart դասասենյակում նախատեսվում է տարբեր քաղաքներից և համայնքներից մասնագետների հրավիրել դպրոց, որոնք երեխաների համար վարպետության դասեր կանցկացնեն։
Հայարփի Բաբայանն անկեղծանում է,- «Երեխաները չէին հավատում, երբ ասում էինք, որ դպրոցում Smart դասասենյակ ենք ունենալու։ Եթե չլիներ տեղական ակտիվ խումբը, այս դրամաշնորհը չէր լինի, և չէինք կարողանա դպրոցի համար այսքան հետաքրքիր նախագիծ իրականացնել։ Եթե դպրոցի երեխաներին մի քանի տարի առաջ ասեինք, որ հնարավոր է նման Smart դասասենյակ ունենանք, չէին հավատա, կասեին՝ ո՞վ պետք է գա ու մեր գյուղում այդպիսի ներդրում անի։ Իսկ հիմա բոլորը ուրախ են, որ վերջապես մենք նույնպես մասն ենք դառնում այդ մեծ աջակցության»։
Smart դասասենյակում խելացի գրատախտակով մտադիր են կինոդիտումներ կազմակերպել երեխաների համար։ Դիտարկում են նաև այլ դպրոցների հետ տեսակամուրջներ իրականացնել։ Ընթերցասրահի համար ձեռք են բերելու ժամանակակից գրողների նոր գրքերն ու մասնագիտական գրականություն։ Ուսուցիչները նշում են, որ համայնքի գրադարաններում մասնագիտական գրքեր գրեթե չկան, իսկ ժամանակակից գրականությունը մեծ պահանջարկ ունի։ Հայարփիի խոսքով՝ ընթերցասրահի համար նոր գրքերի ցուցակն աշակերտների հետ միասին են կազմել։ Առանձնացրել են նոր հրատարակված գրքերի ցանկն ու անհրաժեշտ մասնագիտական գրականությունը։ Հիմա դպրոցի երեխաները հնարավորություն կունենան ոչ միայն օգտվել գրադարանի ձեռք բերած նոր հրատարակված գրքերից, այլև գրքերն ընթերցել հենց նոր ընթերցասրահում։
Smart դասասենյակի պատրաստ լինելուն պես կգործարկեն տարբեր խմբակներ, իսկ հիմա գործող խմբակների ուսուցիչները նյութը այնպես կհարմարեցնեն, որ պարապմունքներն հնարավոր լինի անցկացնել smart դասասենյակում՝ օգտվելով դրա բոլոր հարմարություններից։
*ԵՄ LEADER մեթոդաբանությունն իրականացվում է տեղական ակտիվ խմբերի ՝ՏԱԽ-երի միջոցով, որոնք, առաջնորդվելով գործընկերության և նորարարության մոդելով, համախմբում են տեղական իշխանությունների, տեղական բիզնեսների և տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ապահովելու շոշափելի արդյունքներ և նպաստելու տեղական զարգացմանը։ Շիրակի մարզում ԵՄ LEADER մեթոդաբանությունը իրականացնում է LEAD4Shirak ծրագիրը Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ: