ԼԻԴԵՐ

«Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզերում» ծրագիրը նպատակ ունի ինտեգրված, կայուն և մասնակցային գյուղական զարգացման միջոցով նպաստել աղքատության, անհավասարության և խոցելիության նվազեցմանը։ Ծրագիրը հիմնված է Եվրոպական միության «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ/CLLD) մեթոդաբանության վրա, որը համայնքներին հնարավորություն է տալիս դառնալ իրենց զարգացման գլխավոր դերակատարները։

Ծրագիրը ուղղված է՝

  • զբաղվածության խթանմանը և տեղական տնտեսության աշխուժացմանը,

  • գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը,

  • համայնքների կարողությունների ամրապնդմանը,

  • գյուղական բնակիչների կենսամիջոցների բարելավմանը և դրանց երկարաժամկետ կայունության ապահովմանը,

  • շրջակա միջավայրի պահպանությանը և կլիմայական ռիսկերի նվազեցմանը,

  • գենդերային հավասարության առաջմղմանը,

  • կիների և երիտասարդների զորեղացմանը և նրանց ակտիվ ներգրավվածությանը համայնքային կյանքում։

Այս ծրագրի շրջանակում Շիրակի համայնքներում ձևավորվում են նոր հնարավորություններ, ամրապնդվում է տեղական գործընկերությունը, և ստեղծվում են նախադրյալներ ինքնաբավ և դիմակայուն գյուղական զարգացման համար։

LEADER / CLLD (ՀԱՏԶ)-ը Եվրոպական միության կողմից գյուղական վայրերում իրականացվող մասնակցային տեղական զարգացման մեթոդաբանություն է, որի նպատակն է աշխուժացնել գյուղերը՝ ուժեղացնելով համայնքների և բնակիչների միասին գործելու կարողությունները։ Այս մոտեցումը խթանում է սոցիալական կապիտալի զարգացումը, տեղական տնտեսության ակտիվացումը, համայնքների դիմակայունության բարձրացումը և գյուղական բնակչության կյանքի որակի բարելավումը։

Հայաստանում LEADER-ը ներկայումս իրականացվում է ութ տեղական ակտիվ խմբերի միջոցով, որոնք գործում են հյուսիսային մարզերում։ Այդ ութ խմբերից երեքը տեղակայված են Շիրակի մարզում, իսկ մնացածը՝ Լոռու և Տավուշի մարզերում։ Այս ցանցը ձևավորում է համագործակցության նոր մշակույթ, որտեղ համայնքները հանդես են գալիս ոչ թե միայն որպես ծրագրերի շահառուներ, այլ որպես իրենց զարգացման ուղղակի նախաձեռնողներ ու պատասխանատու գործընկերներ։

LEADER մոտեցումը իրականացվում է շուրջ 2800 տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) կողմից և այսօր արդեն ընդգրկում է ԵՄ գյուղական տարածքների մոտ 61%-ը։ Այն գործում է տարածաշրջանային մակարդակում՝ միավորելով հանրային, մասնավոր և քաղաքացիական հասարակության սեկտորները՝ որպես գործընկերներ։

LEADER-ը ներկայացվեց այն ժամանակ, երբ ավանդական «վերևից ներքև» մոտեցումները գտնվում էին ճգնաժամում և այլևս չէին ապահովում արդյունավետ լուծումներ գյուղական բնակավայրերի բազմաշերտ խնդիրների համար։ Այս մոդելը առաջարկեց հակառակ տրամաբանությունը՝ զարգացումը սկսել հենց տեղացիներից։

LEADER-ը ֆրանսերեն հապավում է («Liaison Entre Actions de Développement de l’Économie Rurale»), որը նշանակում է կապ գյուղական տնտեսության զարգացման գործողությունների միջև։ Մոտեցման հիմնական գաղափարն է՝ գյուղացիներն ու տեղական դերակատարներն իրենք պետք է լինեն զարգացման ուղղակի մասնակիցներ, ոչ թե պարզապես շահառուներ, և ձեռք բերեն իրենց համայնքները ղեկավարելու ու զարգացնելու կարողություններ։

Այս մեթոդաբանությունը հիմնված է 7 հիմնարար առանձնահատկությունների վրա, և դրա հաջողությունն ապահովվում է միայն այն դեպքում, երբ բոլոր յոթ սկզբունքները կիրառվում են միասին՝ որպես ամբողջական, փոխկապակցված մոտեցում։

Leaders
Aragats Valley